Արշավներ

Հունիսի 7, 2020
Քայլարշավ դեպի "Թաքնված ջրվեժ" /ներբեռնել երթուղու ֆայլը/

Հունիսի 20, 2020
Քայլարշավ դեպի Մաշտոցներ /ներբեռնել երթուղու ֆայլը/

Հունիսի 21, 2020
Հեծանվարշավ դեպի Մաշտոցներ /ներբեռնել երթուղու ֆայլը/

Հուլիսի 10, 2020
Քայլարշավ դեպի Հնադարյան աստղադիտարանը Սևքար լեռան մերձակայքում  /ներբեռնել երթուղու ֆայլը/ 
(Սկզբում մտադիր էինք քայլարշավել դեպի Արմաղան, բայց հետո եղանակային պայմանների բերումով որոշեցինք ավելի կարճ երթուղի ընտրել  /իսկ Արմաղանի երթուղին այստեղ է/)

Հուլիսի 24, 2020
"Բաց ավազան" ծրագրի ամփոփիչ միջոցառումներն ու սերտիֆիկատների հանձնումը ՍԵ-ԳԱ-ՄԱ կլաստերի ԳԱ հատվածում՝ ծրագրի բոլոր մասնակիցների ու հյուրերի հետ։

Օրակարգ


  • 14։45 - Քայլարշավի սկիզբը  40°24'58.01"N 45° 6'37.56"E կետից

  • 17։00 - պիկնիկ՝  40°24'48.56"N 45° 8'43.14"E կետում

  • 19։00 - Քայլարշավի ավարտը 40°23'34.98"N 45° 9'10.98"E կետում, որտեղից բոլորս մեքենաներով շարժվում ենք դեպի 40°18'43.49"N 45°13'10.87"E կետն ու շարունակում միջոցառումը մայրամուտի ժամին, նաև՝ ընթրում

  • 19։15-ից մինչև 21։00 - միջոցառման շարունակությունը՝ արդեն վագոնի մոտ

  • 21։00 -  միջոցառման ավարտը, վերադարձ տուն։



Էսօրվա արշավի ամենաբոմբ նկարներից մեկը՝ մեր լճաշենցի պստո Թոնին (հեղինակ՝ Քրիստինա Ասատրյան, հեռախոսը՝ Սոնա Մուրադյանի;-))

 
Երբեմն անձրևոտ արշավներից հետո այնքան ցեխոտ ենք լինում, որ պետք է լինում այ էսպես մաքրվել՝ մինչև տուն մտնելը, որպեսզի խնայենք լվացքի մեքենան, այլապես չի բացառվում, որ գունդ-գունդ մեր հագուստին կպած ցեխերի կտորների պատճառով լվացքի մեքենան փչանա;-) 

Լուսանկարն արված է 2016 թվականին, Կապան քաղաքում, տրանս-հայկական էքսպեդիցիայի ժամանակ, երբ ես Տրանսկովկասյան արահետի հետազոտական խմբի կազմում մասնակցում էի Սյունիքով անցնող հնարավոր երթուղիների ուսումնասիրությանը։

Բարեբախտաբար այս անգամ կարողացանք ցեխից խուսափել, քանի որ անձրևն ու կարկուտը սկսվեց քայլարշավի ավարտից հետո, երբ մեքենաներով մոտենում էինք մեր օրվա ճամփորդության վերջնակետին՝ մեր ռոմանտիկ գնացքի վագոնին։ 


Երբ տեղ հասանք, սպասեցինք, որպեսզի կարկուտն ավարտվի ու դուրս եկանք մեքենաներից, տեսանք, որ Լիաննայի գլխավորությամբ մեր վագոնը շատ արագ կերպարանափոխվել էր ու դարձել մի իսկական ռոմանտիկ երեկո նշելու վայր, ինչը հաճելի անակնկալ էր բոլորիս համար։ Ամենառոմանտիկ պահերից մեկը վագոնի մուտքի դռան դիմաց փռված կարմիր գորգն էր, որի վրա կարկուտից հետո դեռ երկար ժամանակ լցված մեծ մեծ կարկտահատիկներ կային։ Իհարկե գնացքի վագոնի "կենդանացման" մեր մյուս ջանքերն էլ, ներառյալ վարագույրներն ու սեղան-աթոռը, մոմերով ընթրիքի սեղանն ու պատից կախված նկարը, պակաս ռոմանտիկ չէին, իսկ օրվա ֆոտոգլուխգործոցն, իհարկե, մեր Թոնի անունով պստիկ չարաճճի շան դիմանկարն է, որում նա ուշադիր նայում է գնացքի վագոնից երևացող Սևանա լճին ու վրան բացված ծիածանին։


Քայլարշավի հիմնական առավելություններից մեկն էլ Գեղամա լեռների մի քանի գագաթների երևալու հնարավորությունն էր, որ երեկվա հիանալի եղանակի շնորհիվ մեզ ներկայացավ լավագույն բազմազանությամբ ու գույներով՝ հաստատվելով որպես քայլարշավի հիմնական գրավչության տարր։


Քայլարշավի ողջ ընթացքում անցել ենք բավական բազմազան վայրերով. բաց ու հարթ  դաշտ՝ ձախում Սևանը, աջում Գեղամա լեռները, անտառոտ տեղանք՝ ձախում Սևանը, աջում անտառը, ապա փոքրիկ լճակը՝ մի կողմում բարձր մացառների արանքներից երևացող ջրի հայելիով, մյուս կողմից՝ խիտ անտառով, և ամենավերջում՝ բաց ու հիմնականում հարթ տեղանք, որի բոլոր կողմերից գեղեցիկ լեռնային տեսարաններ են բացվում, որոնց կեսը Սևանա լճի արևելյան ափերի լեռներն են՝ սողացող ամպերով ծածկված։

 


Այստեղ երևում է մեր քայլարշավի սկզբնակետը, որտեղ արեցինք երթուղու առաջին գծանշումը՝ հետագայում նաև ցուցանակ ու մի քանի այլ ենթակառուցվածքային բաղադրիչ ավելացնելու հեռանկարով։ 



Այս նկարում մեր քայլարշավի առաջին կիլոմետրի ընթացքում գերիշխող բաց կիսաանտառային վայրերն են, որտեղ մենք հավաքեցինք ճանապարհի ու ճամփեզրի ողջ երևացող աղբը։



Այստեղ երևում է, որ երթուղու մի հատվածը անձրևային օրերին վաբական թրջվելուց հետո երբեմն չի հասցնում լավ չորանալ ու գրունտային ճանապարհով քայլելը երբեմն կարող է դժվարանալ՝ ցեխաջրերի պատճառով։ Այնուամենայնիվ, չնայած այս օրերին տեղացող հաճախակի անձրևներին, մենք բոլորս բավականին հեշտ հաղթահարեցինք բոլոր մեծ ու փոքր խոչընդոտներն ու բոլորով անցանք ողջ երթուղին, որը մոտավորապես 7 կիլոմետր երկարություն ուներ։



Ընթացքում ես մասնակիցներին, ներառյալ հյուրերին, մանրամասն պատմեցի, որ այս քայլարշավային երթուղին նաև ավելի հեռվից սկսվող ու ավելի հեռվում ավարտվող մոտ 30 կիլոմետրանոց հեծանվային երթուղու մի մասն է հանդիսանում, որը մենք մոտ ապագայում նույնպես կանցնենք ու կգծանշենք։ Ովքեր երբևէ հեծանիվ են վարել փափուկ ավազային գրունտով ճանապարհների վրա՝ հիանալի գիտեն այսօրինակ երթուղով արշավելու բերկրանքը։ Ի դեպ ճանապարհի ափամերձ հատվածից դեպի փոքր լճակը թեքվելու խաչմերուկում մի տարեծ ձիավորի հանդիպեցինք, ում հետ կես րոպե տևած զրույցով հայտնի դարձավ, որ նրա ձիու անունը Վազգեն առաջին է, անհայտ պատճառով, քանի որ երբ այդ ձիուն գնել են՝ արդեն այդ անունն է ունեցել։ Ի պատիվ այդ ձիու մենք հավանաբար այդ խածմերուկն անվանենք Վազգեն առաջինի խաչմերուկ:)))




Սրանք էլ կարկուտի ավարտից մոտ կես ժամ հետո մեր գնացքի վագոնի մոտ թափված կարկտահատիկներն են։ 
 

Տեքստը գրեց Բաց ավազան ծրագրի քարտեզագրության ու տեղորոշման բլոկի դասվար Վահագն Վարդումյանը։

25-ը հուլիսի, 2020 թվական, Երևան։


Comments

Popular posts from this blog